«Միջազգային կառույցները և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են կասեցնել Ադրբեջանի ագրեսորական պահվածքը»,- վստահ է ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:
Դուք գիտեք, որ նոյեմբերի մեկին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, գիտեք ժողովրդավարության վիճակն ու քաղբանտարկյալների թիվը, գիտեք, որ բազմաթիվ եվրոպական կառույցներ հրաժարվել են իրենց դիտորդական առաքելությունն ուղարկել այդ Ադրբեջան, ինչը արդեն իսկ կասկածի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը:
Հայտնի է նաև, որ աշխարհում նավթի գինը կտրուկ ընկնում է, տարածաշրջանում Ադրբեջանին լուրջ մրցակից է դարձել Իրանը, որ պակաս նավթ ու գազ չունի՝ այս և բազմաթիվ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ Իլհամ Ալիևին դրել են փակուղային վիճակում՝ ընտրություններից առաջ: Նա ասելիք չունի ժողովրդին: Ինչու պիտի նորից իր կուսակցությանը ձայն տան, որովհետև վերացրե՞լ է ընդդիմությանը: Սա ևս Իլհամի թիվ մեկ խնդիրն է, ընդդիմությանը վերացնելը հարցի լուծում չէ, Ադրբեջանը խրված է խնդիրների մեջ, իսկ ի՞նչ կյանքով են ապրելու, Ադրբեջանի ժողովուրդը չգիտի և հեռանկար չի տեսնում, քանի որ բռնատիրական երկրում չի կարող լինել հեռանկար։ Սա՝ մեկ, Իլհամ Ալիևը ասելիք չունի նաև Արևմուտքին, նա չի կարող ժխտել ո՛չ քաղբանտարկյալների ու քաղաքացիական ակտիվիստների հալածանքները, ո՛չ էլ հոխորտալ, որ Արևմուտքը ուտում է խավիարը ու ուրանում: Հնարավոր հանդիպումներից հերթական անգամ խույս տալու և միջազգային հանրությունից ագրեսորի իր պահվածքը թաքցնել չկարողանալու նրա փորձերը ակնհայտ են: Մենք ունենք այս վայրենի հարևանը, ցավոք, հարևաններին չեն ընտրում, բայց և որպես միջազգային մեծ ընտանիքի անդամ և միջազգային բոլոր նորմերին համարժեք գործող պետություն, Հայաստանի Հանրապետությունն ունի բոլոր իրավունքները՝ դիմելու եվրոպական բոլոր կառույցներին, բոլորին անխտիր, և պահանջելու, որ վերջ տան երկակի ստանդարտներին, ոչինչ չտվող ռևերանսներին և այլևս անցնեն գործի՝ թողնելով դիվանագիտական բառապաշարը, երբ հրանոթներն են կրակում խաղաղ բնակչության վրա: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պետք է սահմանվեն: Ի վերջո ամբողջ աշխարհն է տեսնում, որ արդեն մի քանի օր գնդակոծվում են Հայաստանի սահմանները, իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ագրեսիա խաղաղ բնակչության դեմ։ Մեր ժողովուրդը, մեր բանակը ի զորու են սանձելու և սանձում են ադրբեջանական ագրեսիաները, առայժմ համարժեք պատասխան տալով, բայց կարող են ավելին անել: Այս անգամ արդեն միջազգային կառույցները ոչ թե պիտի բանաձևեր ու կոչեր ընդունեն, այլ դիմեն քաղաքական զինանոցի իսկապես ազդեցիկ միջոցների՝ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի դեմ, որ խախտում է ոչ միայն զինադադարը, այլև միջազգային կոնվենցիաները՝ գնդակոծելով խաղաղ բնակչությանը:
Ես, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, դիմում եմ միջազգային կառույցներին, Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ակնկալելով հրատապ քննարկում, համարժեք գնահատական և իրավիճակից բխող ու իրավիճակին համապատասխանող որոշումներ իրենց երկրների կողմից: Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը միայն Հայաստանի խնդիրը չէ: Եթե Բաքուն փորձի բացել Պանդորայի արկղը, ոչ ոք չի կարող կանխատեսել հետևանքները, և սա բոլորը պիտի հասկանան ու գործեն հանարժեք:
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր